Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ով պայմանագրի ավարտից հետո կհեռանա ակումբից, չի վերադառնա «Սևիլյա»: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ նրա՝ անդալուսյան ակումբը չի պատրաստվում վերադարձնել իր սանին: Պատճառը ֆուտբոլիստի ֆինանսական ախորժակն է։
Նշվում է, որ 35-ամյա իսպանացին բանակցություններ է վարում մեկ այլ ակումբի հետ: Ըստ AS-ի, նոր ակումբում Ռամոսը ակնկալում է տարեկան վաստակել 12 միլիոն եվրո:
Մադրիդի «Ռեալի» կազմում Սերխիոն անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ ու կատարել 39 գոլային փոխանցում:
Իսպանացին Արքայական ակումբի հետ միասին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բազմիցս նվաճել է Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երեք անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և չորս անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունը: