Իսպանական Պրիմերայի 35-րդ տուրում «Սելտան» հաղթել է «Վիլյառեալին»։ Հանդիպումը կայացել է Վիլյառեալի «Կերամիկա-Էլ-Մադրիգալ» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 4-2 հաշվով հաղթանակով։
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Սելտայի» հարձակվող Սանտի Մինան։ 6 րոպե անց պատասխան գնդակը հեղինակել է «Վիլյառեալի» կիսապաշտպան Մոյ Գոմեսը։ 34-րդ րոպեին Սանտի Մինան դուբլ է ձևակերպել՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Ավելացված ժամանակում «Սելտայի» կիսապաշտպան Բրայս Մենդեսը ևս մեկ գոլ է հեղինակել 11-մետրանոցից։ Դրանից հետո կարմիր քարտ են ստացել «Վիլյառեալի» ֆուտբոլիստներ Խերոնիմո Ռուլին և Մարիո Գասպարը։
Երկրորդ կեսում Աուգուստո Սոլարին հաշիվը դարձրել է խոշոր։ 87-րդ րոպեին «Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն մեկ գնդակ ետ է բերել՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Դրանից հետո հեռացվել է «Սելտայի» հարձակվող Ֆակունդու Ֆերեյրան։
«Սելտան» 35 խաղից հետո 47 միավոր է վաստակել ու բարձրացել Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Վիլյառեալը» 52 միավորով 6-րդ տեղում է։