Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ ապրիլի 7-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր կկայանա ՀՊԼ-ի մեկ հանդիպում․
«Ուրարտու»–«Արարատ» 18։00
Լա Լիգայում ևս մեկ հանդիպում է սպասվում՝ բասկյան դերբին․
«Ռեալ Սոսեյդադ»–«Աթլետիկ» 23։00
Իտալիայի Ա Սերիայի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Նապոլիին», իսկ «Ինտերը»՝ «Սասուոլոյին»։ Երկու հանդիպումների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։45-ին։
Այսօր կկայանա երկու հանդիպում Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
«Պորտու»–«Չելսի»
Անգլիական ակումբը ցավալի պարտություն կրեց ԱՊԼ-ի վերջին տուրի շրջանակում, որն առաջին պարտություն էր Թոմաս Տուխելի գլխավորությամբ։ Սակայն այդ ամենը չի բացառում այն փաստը, որ լոնդոնյան թիմն այս զույգի ֆավորիտն է։ Կկարողանա՞ն «վիշապները» կրկին անակնկալ մատուցել, ինչպես «Յուվենտուսի» հետ խաղերում, կիմանանք այս երեկո։
«Բավարիա»–ՊՍԺ
Ամենահետաքրքիր զույգերից մեկն այս փուլում։ Նախորդ մրցաշրջանի եզրափակիչիչ մասնակիցները կրկին կհանդիպեն՝ այս անգամ ավելի վաղ փուլում։ «Բավարիան» առանց Լևանդովսկիի էլ բավականին լավ տեսք ունի, ով բաց կթողնի առաջիկա հանդիպումը, իսկ ՊՍԺ-ն վերջերս այդքան էլ չի տպավորում ներքին առաջնությունում։ Չնայած, փարիզյան ակումբի համար ներկայումս առաջնայինը Չեմպիոնների Լիգան է, այնպես որ, մեզ սպասվում է իսկապես թեժ հանդիպում այս երեկո։