Պրոտուգալիայի հավաքականի և «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդու Մեյրան քննադատել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Սերբիայի հետ խաղում իր չհաշվված գոլին բուռն արձագանքելու համար:
«Ռոնալդուի արձագանքը բնական էր, բայց ոչ ընդունելի՝ հավաքականի ավագի համար: Նա չի կարող նետել ավագի թևկապն ու գնալ հանդերձարան, երբ խաղը դեռ չի ավարտվել: Սա անընդունելի պահվածք է նման նշանակալի ֆուտբոլիստի համար: Ես հասկանում եմ Ռոնալդուի հիասթափությունը, քանի որ մաքուր գոլը չհաշվեցին, բայց մրցավարները ստիպված են որոշումներ կայացնել առանց VAR-ի: Ռոնալդուն պետք է օրինակ լինի թիմի համար»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Record-ը:
Հիշեցնենք՝ հանդիպման ավելացված 3-րդ րոպեին Ռոնալդուն տուգանայինի մատույցներից հարված է կատարել և Սերբիայի հավաքականի պաշտպաններից մեկը հրաշքով գնդակը հեռացրել է դարպասից: Մրցավարը համարել է, որ գնդակը չի հատել դարպասային գիծը: Ռոնալդուն բուռն է արձագանքել ու զգուշացվել դեղին քարտով, ինչից հետո ավագի թևկապը նետել է խոտածածկին: