Օրը ֆուտբոլային է Եվրոպայում։ Հանդիպումներ են կայանալու Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի առաջնություններում, Անգլիայի գավաթում։
Լա լիգայում «Ատլետիկոն» ու «Բարսելոնան» փորձելու են հետևել «Ռեալի» օրինակին ու միջազգային դադարից առաջ կարևոր միավորներ վաստակել չեմպիոնական մրցավազքում։ Առաջատարը տանը հյուրընկալելու է «Ալավեսին», կատալոնական թիմը հյուր է գնալու «Ռեալ Սոսիեդադին»։ Երևանի ժամանակով 21։30-ին կսկսվի «Ատլետիկո» — «Ալավես» խաղը։ «Բարսելոնայի» հանդիպման մեկնարկը նախատեսված է ուղիղ կեսգիշերին։
Իտալիայի առաջնությունում այսօր բավականին հետաքրքիր երեկո է սպասվում։ Իհարկե, տուրի կենտրոնական խաղը «Ռոմա» — «Նապոլի» մրցավեճն է։ Այն սկսվելու է Երևանի ժամանակով 23։45-ին։ Այսօր խաղում են նաև «Յուվենտուսը», «Միլանն» ու «Լացիոն»։ Թուրինյան թիմը ընդունելու է «Բենեվենտոյին», «Լացիոն» հյուրընկալվելու է «Ուդինեզեին»։ Այս երկու խաղերը կսկսվեն 18։00-ին։ «Ֆիորենտինա» — «Միլան» խաղը սկսվելու է 21։00-ին։
Անգլիայում և՛ առաջնության, և՛ գավաթի խաղեր կան։ «Չելսին» «Շեֆիլդ Յունայթեդի» հետ կպայքարի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգրի համար։ Մեկ այլ ուղեգիր էլ կխաղարկեն «Լեսթերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Բունդեսլիգայում էլ Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» հյուրընկալելու է «Մայնցին»։ Հետաքրքրական է՝ արդյոք որոշակի խաղաժամանակ հայ կիսապաշտպանը կստանա մինչև հավաքականին միանալը։
Երեկոյի գլխավոր հանդիպումներից մեկը կկայանա Լիգա 1-ում։ Հանդիպելու են «Լիոնն» ու «Պարի Սեն Ժերմենը»։