Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի՝ ՖԱԼ-ի 16-րդ տուրում «Կրասնոդար-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է Մոսկվայի «Վելեսին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել: Կրասնոդարի երկրորդ թիմի կազմում երկու գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը:
Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղի 13-րդ և 77-րդ րոպեներին՝ երկու դեպքում էլ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Ի դեպ, «Վելեսի» միակ գնդակը ևս խփվել է 11-մետրանոցից. Դիեգո Մալանիան է 30-րդ րոպեին իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը:
Այս հանդիպումից հետո «Կրասնոդար-2»-ը իր միավորների թիվը հասցրել է 32-ի և ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Վելեսը» 50 միավորով 6-րդն է: