Մարտի 4-ին «Ուրարտու» ակադեմիայի 2006 թվականների առաջին թիմը, մարզիչ Վալերի Ալեքսանյանի գլխավորությամբ այցելեց մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց՝ ծանոթանալու լեգենդար մարզմնամարզիկի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Պատանի ֆուտբոլիստները հնարավորություն ունեցան մարզում անցկացնելու Օլիմպիական եռակի չեմպիոնի հետ, որը չնայած իր պատկառելի տարիքին անձամբ էր ցուցադրում վարժությունները մեր ֆուտբոլիստներին ու հետևում դրանց կատարմանը։ Հանդիպմանը ներկա էր նաև սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Ուրարտու-1-06» թիմի գլխավոր մարզիչ Վալերի Ալեքսանյանը լեգենդար մարզիկին «Ուրարտուի» անվական մարզաշապիկ նվիրեց։
Այնուհետև Ազարյանը զրուցեց պատանի ֆուտբոլիստների հետ, պատասխանեց նրանց հարցերին, պատմեց հայտնի «Ազարյանական խաչ» անվանումը ստացած վարժությունների շարքի մասին, իսկ վերջում խոստացավ մոտ օրերս այցելել մարզադաշտ ու հետևել «Ուրարտուի» խաղերին հենց տրիբունայից»,- ասված է հաղորդագրության մեջ։