«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի գլխի վնասվածք է հայտնաբերվել Ա Սերիայի 23-րդ տուրի «Ատալանտայի» դեմ կայացած խաղից հետո: Այս մասին հայտնում է նեապոլիտանցիների մամուլի ծառայությունը:
«Օսիմհենը գլխի վնասվածք է ստացել «Ատալանտա»-«Նապոլի» հանդիպման վերջին րոպեներին: Խաղից հետո նա բուժզննում է անցել, բայց դա միանշանակ արդյունք չտվեց: Ֆուտբոլիստը Բերգամոյի հիվանդանոցում կմնա մինչ վաղը ՝ բժիշկների հսկողության ներքո », – ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հանդիպման վերջում Օսիմհենը բախվեց «Ատալանտայի» խաղացող Քրիստիան Ռոմերոյի հետ և ընկավ խոտածածկին: Արդյունքում Վիկտորը կորցրել է գիտակցությունը, նրան պատգարակով տեղափոխել են դաշտից ու շտապ տեղափոխել հիվանդանոց:
«Ատալանտա» – «Նապոլի» հանդիպումն ավարտվեց 4: 2 հաշվով ՝ հօգուտ տանտերերի: 22-ամյա Օսիմհենն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է «Նապոլիի» 15 հանդիպման, դարձել 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ: