«Բորուսիա» Դորտմունդի սպորտային տնօրեն Միխաել Ցորկը հայտնել է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդը վերականգնվել է վնասվածքից։ Նորվեգացի հարձակվողը դեկտեմբերի սկզբին էր վնասվածք ստացել։
«Հոլանդի ապաքինումն ավարտված է։ Սպասում ենք, որ նա կկարողանա մասնակցել «Վոլֆսբուրգի» դեմ խաղին»,-Ցորկի խոսքն է մեջբերում Bild-ը։
Գերմանիայի առաջնության «Բորուսիա» Դորտմունդ — «Վոլֆսբուրգ» հանդիպումը կայանալու է հունվարի 3-ին Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում։ Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 18։30-ին։
Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին՝ միանալով թիմին «ՌԲ Զալցբուրգից» 20 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է Բունդեսլիգայի 8 հանդիպման ու դարձել 10 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։