Ըստ Football-italia-ի, Ա Սերիայի բոլոր 20 ակումբների ղեկավարները սատարել են մրցաշրջանը վերսկսելու գաղափարը՝ քվեարկելով մրցաշրջանը վերսկսելու օգտին, որը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով:
Աղբյուրը հայտնում է, որ լիգայի այսօրվա հեռավար հանդիպմանը, որի թեման առաջնության հեռարձակման իրավունքի հարցն էր, բոլոր ակումբները հանդես եկան այս մրցաշրջանի շարունակման օգտին:
Այնուամենայնիվ, նշվում է, որ Իտալիայի կառավարությունը կհրաժարվի մրցաշրջանի վերսկսումից, եթե ֆուտբոլային պաշտոնյաները պատշաճ ձևով չփոխեն իրենց արձանագրությունը՝ հանդիպումների ընթացքում խաղացողների անվտանգությունն ապահովելու համար:
Վերջերս Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ասել էր, որ Իտալիան մասնակիորեն վերացնում է կարանտինային միջոցառումները: Սպասվում է, որ մայիսի 4-ից իտալական ակումբները կսկսեն անհատական մարզումներ անցկացնել մարզաբազաներում, իսկ խմբակային մարզումները կարող են վերսկսվել մայիսի 18-ին:
Նշվում է, որ եթե մրցաշրջանը չվերսկսվի մինչև հունիսի 14-ը, ապա Ա Սերիայի խաղարկությունը կավարտվի նախատեսվածից շուտ: