ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր կայացած հեռավար ասուլիսի ընթացքում պատասխանել է Ազգային հավաքականի հաջողության մասին հարցի:
-Ո՞ր գործոնը դեր խաղաց Հայաստանի հավաքականի նշանակալի հաջողության մեջ ու ի՞նչ գործոններով կկարողանանք ամրապնդել դրանք:
-Նախ, ցանկանում եմ շնորհավորել բոլոր երկրպագուներին, ընդհանրապես մեր բոլոր հայրենակիցներին: Իրոք, շատ մեծ հաջողություն էր, որը հուսանք՝ հետագա ավելի մեծ հաջողությունների սկիզբ կլինի: Պետք է անդրադառնամ նաև այն իրավիճակին, որի ընթացքում ստեղծվեց այս հաջողությունը:
Շատ են խոսում այն մասին, որ մեր մրցակիցները խնդիրներ են ունեցել՝ կապված կորոնավիրուսի հետ, կազմը լիարժեք չի եղել: Բայց այն իրավիճակը, որում հայտնվեցինք մենք, աննախադեպ էր. բացի կորոնավիրուսից, սեպտեմբերի վերջին վրա հասավ նաև պատերազմը և փաստացի մեր վերջին 4 հանդիպումները պատերազմական դրության պայմաններում էին ու երկու խաղ, որ պետք է անցկացվեր Հայաստանում, անցկացվեց Կիպրոսում: Բացի պատերազմի հետ կապված ծանր հոգեվիճակը, եղան նաև Covid-19-ով վարակման դեպքեր և այս պայմաններում այդ հաջողությունն էլ ավելի արժեքավոր էր մեզ համար:
Այս հաջողությանը նպաստել են բազմաթիվ մարդիկ և բազմաթիվ գործոններ: Շատ շնորհակալ եմ մեր ֆեդերացիայի ու թիմի անձնազմին, որոնք ծայրահեղ դժվար պայմաններում կարողացան աջակցել այս հանդիպումների կայացմանն ընդհանրապես և ոչ միայն՝ հաղթանակներին: Շնորհակալ եմ բժշկական ու ադմինիստրատիվ անձնակազմներին և իհարկե, ֆուտբոլիստներին, որոնք արեցին առավելագույնը ամենաբարդ պահին. դրսևորեցին այն որակները, որ մենք սպասում էինք: Այդ համախբվածությունն օգնեց մեզ նման հաջողության հասնել:
Չեմ կարող չնշել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին, որը ծանրագույն պայմաններում էր հայտնվել: Այս տարի գալով ու հնարավորություն չունենալով՝ գեթ մեկ ընկերական հանդիպում անցկացնել:
Շնորհակալ եմ ՊՆ-ին ու մեր սահմանապահներին, որոնք օրուգիշեր աշխատում էին մեզ հետ բոլոր հնարավորությունները ստեղծելով, որ հավաքականը կարողանա անցկացնել իր արտագնա հանդիպումները: Սա համախմբվածության հաղթանակ էր: