Գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը հաղթել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Santa Claus Cup միջազգային մրցաշարում:
Այս մասին Գալուստյանը գրառում է կատարել Instagram-ում:
«2019 թվականն ավարտում ենք լավ նոտայի վրա, և ինչո՞ւ 20 տարեկանում առաջին անգամ չհաղթել միջազգային մրցաշարում»,- գրել է Գալուստյանը և լուսանկարներ տեղադրել:
Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Գալուստյանը վաստակել է 149.92 միավոր:
Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և պահպանել առաջատարի դիրքը: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ:
Հիշեցնենք, որ սա Գալուստյանի երրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերին նա երրորդ տեղն էր զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Prague Ice Cup 2019 միջազգային մրցաշարում: