Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել էր Լևերկուզենի «Բայերին»: Հանդիպումը կայացել է «Ալյանց-Արենայում» ու ավարտվել հյուրերի՝ 2:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվն առաջին կեսի մեկնարկում բացել է «Բայերի» հարձակվող Լեոն Բեյլին: 34-րդ րոպեին Մյուլերը հավասարեցրել է այն, սակայն մեկ րոպե անց Բեյլին երկրորդ գնդակն է ուղարկել մյունխենցիների դարպասը՝ դուբլ ձևակերպելով ու հաղթանակ պարգևելով իր թիմին: Խաղավարտին դաշտից հեռացվել է հյուրերի պաշտպան Ջոնաթան Տան:
«Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Գործող չեմպիոնի ակտիվում 24 միավոր կա: «Բայերը» 22 միավորով 7-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Բայերը» սեփական հարկի տակ կընդունի «Շալկե-04»-ին, իսկ «Բավարիան» հյուրընկալվելիս կխաղա Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Երկու խաղն էլ կկայանա դեկտեմբերի 7-ին: