Հռոմում շարունակվում է թենիսի ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Վեց ամսվա դադարից հետո այսօր կորտ վերադարձավ աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալը։
34-ամյա իսպանացու մրցակիցը իր հայրենակից Պաբլո Կարենյո-Բուստան էր, որը բոլորովին վերջերս ավարտված Միացյալ Նահանգների բաց առաջնությունում հասել էր մինչև կիսաեզրափակիչ։
Նադալը ոչ մի խնդիր չունեցավ Կարենյո-Բուստայի դեմ խաղում ու 2 սեթում 6-1, 6-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ նվաճելով 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր։
Նադալը հաջորդ փուլում մրցելու է Միլոշ Ռաոնիչ — Դուշան Լայովիչ զույգի հաղթողի հետ։
Երեկոյան կայացած խաղերում հաղթանակ է տարել նաև Գրիգոր Դիմիտրովը։ Բուլղարացի թենիսիստը 2 սեթում 6-1, 6-0 հաշվով հաղթեց Յոշիհիտո Նիշիոկային։