«Յուվենտուսը» էլ ավելի մոտենում է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ձեռքբերմանը: Ըստ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ թուրինյան ակումբը և 33-ամյա ուրուգվայցին համաձայնության են եկել պայմանագրի շուրջ:
Այժմ գործարքն իրականացնելու համար «Յուվենտուսն» ու Սուարեսը պետք է բանակցեն «Բարսելոնայի» հետ:
Ըստ Mundo Deportivo-ի, ակումբներն այժմ բանակցություններ են վարում: Կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը անձնական զրույցի ժամանակ ուրուգվայցի հարձակվողին ասել է, որ նա պետք է նոր ակումբ փնտրի: Կողմերը կարող են լուծարել պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ:
Ավելի վաղ Goal-ը հայտնել էր, որ «Բարսելոնան» պետք է 14 միլիոն եվրո վճարի հարձակվող Լուիս Սուարեսի հետ գործող պայմանագիրը խզելու համար:




























































