Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, ֆրանսիական «Նիսի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան կարծիք է հայտնել «ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Պորտուգալացին բացահայտ դժգոհություն էր ցուցադրել երկու խաղում անընդմեջ փոխարինվելու համար:
«Այդ իրավիճակը ցույց է տալիս, թե որքան ծանր է մարզիչ լինելը: Ռոնալդուն շատերին կարգով գերազանցող ֆուտբոլիստ է: Մեսսիի ու Նեյմարի հետ նա այսօրվա ֆուտբոլի դեմքն է: Կարևոր է հասկանալ, թե ինչու է նա դժբախտ: Կողքից թվում է, որ նա ծանր շրջան է ապրում: Երբ նման խաղացողը, ինչպիսին Ռոնալդուն է, դադարում է գոլեր խփել, հիասթափությունը կարող է տեղ գտնել նրա մեջ:
Ինձ չի զարմացնում, երբ տեսնում եմ, որ «Յուվենտուսը» միշտ առաջին տեղում է, չէ՞ որ այստեղ ֆուտբոլիստն աշխատում է ակումբի համար, և երբ ամեն ինչ լավ է, նա կարող է իր առավելագույնը ցուցադրել խաղադաշտում: «Յուվենտուսում» գլխավոր աստղը հենց ակումբն է», – Վիեյրայի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ն: