Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի ու Եվրոբասկետի շնորհիվ հոկտեմբերի սկզբին Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլային միջազգային մրցաշար: Armsport-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը:
Պողոսյանի խոսքով, մրցաշարը պետք է կայանար Պորտուգալիայում, սակայն Covid-ը ինչ-որ տեղ նպաստեց, որ ՖԻԲԱ-ի հետ հնարավոր եղավ համաձայնության գալ և մրցաշարը տեղափոխվել Հայաստան:
Մրցաշարի նպատակը երիտասարդ բասկետբոլիստներին իրենց դրսևորելու հնարավորություն տալն է: Մինչ այս նման մրցաշարեր անցկացվել են Միացյալ նահանգներում կամ եվրոպակա երկրներում, իսկ նախկին ԽՍՀՄ անդամ երկրներից առաջին անգամ Հայաստանը կընդունի նման մրցաշար: Մեր երկիրը մրցաշարին կներկայանա 6 թիմով՝ ի դեմս հայկական 5 ակումբների՝ «Դվինի», «Ուրարտուի», «Էրեբունի», «Կիլիկիայի», ԲԿՄԱ-ի ու Հայաստանի ազգային հավաքականի: Հայկական 6 թիմերը կմրցեն ամերիկյան 6 քաղաքների թիմերի դեմ:
6-ական խաղ անցկացնելուց հետո եզրափակիչ խաղում լավագույն արդյունքը գրանցած հայկական թիմը կմրցի լավագույն արդյունք գրանցած ամերիկյան թիմի դեմ:
Համավարակի պատճառով հետաձգվեց ամռանը նախատեսված փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, և այս մրցաշարը Հայաստանի ազգային հավաքականին գործի մեջ տեսնելու լավ հնարավորություն է, փաստում է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
Ճիշտ է, հավաքականի բոլոր անդամները չեն կարողանա ժամանել, բայց Գյոկչյանը խոստանում է հավաքականը ներկայացնել մրցունակ ու մարտական կազմով.
Հայաստանի հավաքականում չի լինի նաև «Անադոլու Էֆեսի» բասկետբոլիստ, Հայաստանի հավաքականի անդամ Բրայան Դանթսթոնը, բայց և՛ Արա Պողոսյանը, և՛ Տիգրան Գյոկչյանը խոստանում են հետաքրքիր մրցաշար, և. ամենակարևորը, մեր թիմերը մրցաշարին կներկայանան ուժեղ կազմերով ու կապահովեն հետաքրքիր դիմակայություններ: