Միացյալ Թագավորության Մեն կղզում ավարտին է մոտենում ՖԻԴԵ Գրանդ Սվիս մրցաշարը: Մրցաշարի վերջին տուրից առաջ աղյուսակը 7,5 միավորով միանձնյա գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լևոն Արոնյանը և ևս 6 շախմատիստ առաջատարին զիջում են կես միավորով: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ Կարուանան հավակնորդների մրցաշարի ուղեգիր արդեն ունի, նրա՝ առաջին հորիզոնականը գրավելու դեպքում, ուղեգիր կնվաճի 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը:
Մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մագնուս Կարլսենը:
Սակայն, նույնիսկ Կարլսենին հաղթելու դեպքում, հնարավոր է, որ Արոնյանը հավակնորդների մրցաշարի ուղեգիր չնվաճի, քանի որ 7 միավոր ունեցող շախմատիստների խմբում գտնվող Վան Հաոն և Կիրիլ Ալեքսեենկոն ավելի բարձր ցուցանիշներ ունեն:
Մրցաշարում մեր մասնակիցներից հաջող է հանդես գալիս նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, ով վաստակել է 6,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը:
Հրանտ Մելքումյանը և ԱՄՆ ներկայացնող Սամուեկ Սևյանը վաստակել են 6-ական միավոր, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 5,5-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5, իսկ Էլինա Դանիելյանը և Կարեն Մովսիսյանը՝ 4-ական միավոր:
Էլինա Դանիելյանը, սակայն, պայքարում է կանանց համար նախատեսված հատուկ մրցանակների համար: