«Ընդհանուր առմամբ գոհ եմ թիմի ելույթներից, հաշվի առնելով, որ գրեթե 8 ամիս չենք մասնակցել որևէ մրցաշարի»,-այս մասին Armsport.am-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ ամփոփելով Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի ելույթները:
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում էր 11 մարզիկով, որոնցից 5-ը նվաճեցին բրոնզե մեդալ:
Աղջիկների մրցաշարում 3-րդ տեղն էին գրավել 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: Մարզչի խոսքով երկուսն էլ արել են իրենց առավելագույնը:
Մինչև մրցավայր մեկնելը դժվարություներ են առաջացել վիզաների հետ կապված: Այդ պատճառով առաջնությանը չմասնակցեց հավաքականի առաջատար բռնցքամարտիկներից մեկը՝ 75 կգ քաշային Էրիկ Աբելյանը:
Խոսելով կորոնավիրուսի հետ կապված անվտանգության կաննոների մասին՝ Աղամալյանն ասաց.
«Անվտանգության կանոնները շատ խիստ էին: Ամեն օր մտավախություն կար, որ մրցումները հնարավոր է դադարեցնեն: Մենամարտերն առանց հանդիսականների էր անցկացվում, չնայած դրան, մենք չենք զգացել աջակցության պակաս: Մշտապես մեզ հետ է եղել հայկական փոքրիկ համայնքի ղեկավարը և շատ հարցերում օգնել է մեզ»,-նշեց մարզիչը:
Կարեն Աղամալյանը նաև նշեց, որ առաջիկայում դեռ մրցումներ չկան: Ամեն ինչ պարզ կլինի դեկտեմբերի 12-ին կայանալիք ԱԻԲԱ-ի համաժողովից հետո: