ՀՀ գլխավոր դատախազությունը երկու հայցադիմում է ներկայացրել դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի և դրան հարակից մի շարք անշարժ գույքերի վրա։ Հայցերի հիմքում պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած ներդրումային պարտավորությունների ոչ պատշաճ կատարումն է։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Առաջին հայցը ներկայացվել է Սնանկության դատարան՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ին պատկանող՝ Երևանի Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով։ Ըստ դատախազության՝ մասնավորեցման պայմանագրով գնորդը պարտավորվել էր կատարել 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, սակայն ներկայացված հաշվետվություններով և ծախսերը հիմնավորող փաստաթղթերով այդ պարտավորության պատշաճ կատարումը չի հաստատվել։ Սնանկության դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել նոյեմբերի 13-ին։
Երկրորդ հայցը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲԸ-ի և «Սոլիդիուս» ՓԲԸ-ի։ Այս գործով դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Եվրոպարկ»-ին պատկանող Աթենքի փողոց 10/2 հասցեի և «Սոլիդիուս»-ին պատկանող Հրազդանի կիրճ 4/2 հասցեի անշարժ գույքերի վրա։ Հակակոռուպցիոն դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել նոյեմբերի 9-ին և կիրառել հայցի ապահովման միջոց։
Մասնավորեցման նախապատմությունը
«Հրազդան» մարզադաշտի մասնավորեցման գործընթացը դատախազության ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2024 թվականին։ Գերատեսչության ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2004 թվականին մարզադաշտի և հարակից գույքի մի մասն ուղղակի վաճառքով օտարվել է 87 միլիոն 520 հազար դրամով, մինչդեռ այդ պահին գույքի շուկայական արժեքը կազմել է շուրջ 11 միլիարդ 558 միլիոն դրամ։ Ընդ որում, ուսումնասիրության նյութերում վաճառքի գնի վերաբերյալ հիմնավորում չի եղել։
Պայմանագրով սահմանված 2 միլիոն դոլարի ներդրումը պետք է կատարվեր մինչև 2009 թվականը․ 2005 թվականին այդ պարտավորությունը ստանձնել էր ընկերության բաժնետեր Ա.Ա.-ն։ 2010 թվականին ընկերությունը վերանվանվել է «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի, որից հետագայում առանձնացվել են «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲԸ-ն և «Սոլիդիուս» ՓԲԸ-ն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին մարզադաշտի մասնավորեցման գործով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր նաև քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Դատական գործերով վերջնական որոշումներ դեռևս չեն կայացվել։


























































