Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում Աթենքի ԱԵԿ-ի նկատմամբ տարած կամային հաղթանակը (3:2)։
Հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում պորտուգալացի մասնագետը խոսել է հանդիպման դրամատիկ ընթացքի, մրցակցի անակնկալ մարտավարության, թիմի աստղերի խաղի և Ռաֆայել Նադալի՝ ակումբի կառավարման օղակում ընդգրկվելու մասին։
Խաղի ընթացքի, ԱԵԿ-ի տակտիկական անակնկալի և մրցաշարային նպատակների մասին
«Շատ գոհ եմ արդյունքից։ Մրցակիցը հիանալի հանդիպում անցկացրեց․ մեր ուսումնասիրած և ոչ մի խաղում ԱԵԿ-ը նման մակարդակի ֆուտբոլ չէր ցուցադրել։ Նրանք չափազանց կազմակերպված էին, կոմպակտ էին գործում պաշտպանությունում, կիրառում էին բարձր պրեսինգ և հաճախ դիմում երկար փոխանցումների։ Հիանալի տեսք ուներ նաև Լուկա Յովիչը։
Եթե պետք է առանձնացնեմ մեկին, ով արժանի է գովասանքի, ապա դա ԱԵԿ-ի գլխավոր մարզիչն է։ Հունական թիմը գործեց իր սովորական ձեռագրից տարբերվող մարտավարությամբ․ նրանք գրագետ էին դիրքավորվում, սուր հակագրոհում էին և գործում էին համարձակ ու ագրեսիվ։
Ամբողջ խաղի ընթացքում մենք լարված պայքարի մեջ էինք։ Երկու առանցքային դրվագներում՝ 0:1 և 1:2 հաշիվների ժամանակ, կարողացանք ճիշտ արձագանքել, բնավորություն դրսևորել և վերադառնալ խաղ։ Վճռորոշ գոլը գրանցվեց այն պահին, երբ երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի։ Ի վերջո, հաղթեց անհատական ավելի բարձր վարպետություն ունեցող թիմը, իսկ մեր ֆուտբոլիստներից մեկը պարզապես հրաշալի գոլի հեղինակ դարձավ»։
Անդրադառնալով մրցաշարային աղյուսակին՝ Մոուրինյուն նկատել է, որ վաստակած 12 միավորով «Ռեալը» գործնականում ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում, և այժմ թիմի գլխավոր խնդիրը մնացած տուրերում անհրաժեշտ միավորներ կուտակելն ու անցումային փուլից խուսափելն է (լավագույն 8-յակում հայտնվելը)։
Վերջին րոպեների հաղթական ոգու և փոխարինումների դերի մասին
«Անկեղծ ասած՝ ես նախընտրում եմ հանգիստ հաղթանակները, սակայն վերջին վայրկյաններին հաղթանակ կորզելը նույնպես ֆանտաստիկ զգացողություններ է պարգևում։ Նման դեպքերում միշտ խոսվում է բախտի գործոնի մասին, բայց այս խաղի վերջնամասում միայն մենք կարող էինք հաղթել։
2:2 հաշվի ժամանակ խաղադաշտ դուրս բերեցի ևս մեկ հարձակվողի, ինչի շնորհիվ սկսեցինք գործել երկու կենտրոնական հարձակվողով և երկու վինգերով։ Մենք համարձակություն ունենք գնալու նման ռիսկային քայլերի, քանի որ տղաները հավատում են իրենց ուժերին։ Հսկայական աշխատանք կատարեցին նաև փոխարինման մտած ֆուտբոլիստները․ վերջին տասը րոպեներին առանցքային էր Ալվարո Կարերասի և Բրահիմ Դիասի դերը։ Կարերասը մի քանի կարևոր անկյունային վաստակեց, իսկ Բրահիմը կենտրոն տեղափոխվելով՝ կատարեց հաղթական գոլային փոխանցումը։ Ես պարզապես բախտավոր մարզիչ եմ, որ նման որակի խաղացողներ ունեմ»։
Էնդրիկի խաղաժամանակի և հագեցած խաղացանկի մասին
Պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է պահեստային նստարանին մնացող բարձրակարգ ֆուտբոլիստների սահմանափակ խաղաժամանակը․
«Ինձ զայրացնում է այն փաստը, որ որոշ ֆուտբոլիստներ քիչ են խաղում, քանի որ նրանցից յուրաքանչյուրն արժանի է լինել խաղադաշտում։ Դրա լավագույն ապացույցը քիչ խաղաժամանակ ստացող տղաների նվիրվածությունն է, երբ նրանք հնարավորություն են ստանում։ Էնդրիկն օժտված է յուրահատուկ որակներով։ Պատկերացրեք՝ որքան բարդ է մրցակցի պաշտպանի համար մեկ ժամ շարունակ բարձրակարգ հարձակվողի դեմ պայքարելուց հետո դիմակայել թարմ ուժերով խաղադաշտ մտած Էնդրիկին։
Շատ մարզիչներ, հավանաբար, առողջ նախանձով են նայում ինձ․ երբ խաղային խնդիրներ են առաջանում, ես պարզապես նայում եմ պահեստայինների նստարանին և բազմաթիվ լուծումներ տեսնում։ Միևնույն ժամանակ, չափազանց բարդ է աշխատել նման խիտ գրաֆիկով, երբ հանդիպումների միջև ընդամենը երկու օրվա դադար է, և ստիպված ենք անընդմեջ արտագնա խաղեր անցկացնել։ Այս խաղից առաջ մեկնարկային կազմում հինգ փոփոխություն էի կատարել, իսկ առաջիկա հանդիպմանը նախատեսում եմ ևս չորս-հինգ ռոտացիա։ Սա է մեր իրականությունը»։
Վինիսիուսի հետ հարաբերությունների մասին․ «80% մեղմություն, 20% խստություն»
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Վինիսիուս Ժունիորի հետ աշխատելիս նա նախընտրում է խիստ, թե մեղմ մոտեցումը, «Ռեալի» գլխավոր մարզիչը պատասխանել է․
«Եթե փորձեմ պատկերը ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ, ապա մինչ այժմ նրա նկատմամբ 80 տոկոսով կիրառել եմ մեղմ մոտեցում, իսկ 20 տոկոսով՝ խիստ։
Այս խաղում Վինիսիուսը ոչ մի սադրանքի չտրվեց և ոչինչ չհրահրեց։ Նա բավականին լավ հանդիպում անցկացրեց, թեև ոչ փայլուն։ Առհասարակ, ամբողջ թիմն այսօր արտասովոր ֆուտբոլ չցուցադրեց․ ծանր ու լուրջ պայքար էր, որում Վինիսիուսը բարեխղճորեն կատարեց իր առջև դրված խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է նրա փոխարինմանը, ապա ես պարտավոր եմ մտածել նաև շաբաթ օրը կայանալիք հանդիպման մասին»։
Ջուդ Բելինգհեմի ֆենոմենի մասին
«Իմ գալու պահից ի վեր Ջուդը հիանալի մարզավիճակում է։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է․ այսօր համաշխարհային ֆուտբոլում չկա մեկ այլ կիսապաշտպան, որն այդքան կատարյալ ու ամբողջական լինի բոլոր խաղային բաղադրիչներում։ Նույնիսկ այն օրերին, երբ Բելինգհեմը չի անցկացնում իր լավագույն խաղը, միևնույն է, աչքի է ընկնում աշխատասիրությամբ, առաջնորդի հատկանիշներով, բարձր հավակնություններով և գոլային հոտառությամբ»։
Ռաֆայել Նադալի՝ «Ռեալի» տնօրենների խորհրդում ընդգրկվելու մասին
Ասուլիսի ավարտին Մոուրինյուն ջերմ խոսքեր է ուղղել լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալին, որն ընդգրկվել է «արքայական» ակումբի տնօրենների խորհրդի կազմում․
«Խոնարհվում եմ թե՛ «Ռեալի», թե՛ մեծն Ռաֆա Նադալի առջև։ Ակումբի տնօրենների խորհրդի անդամ լինելու համար նախևառաջ պետք է լինել «Ռեալի» նվիրյալ երկրպագու, իսկ նա իսկական մադրիդիստ է։ Բայց ամենակարևորն այն է, որ Ռաֆա Նադալը պարզապես Ռաֆա Նադալ է։ Որպես «Ռեալի» մարզիչ՝ հպարտ եմ, որ նման անհատականությունը մեզ հետ է, և վստահ եմ՝ նույն զգացողությունն ունեն բոլոր մադրիդիստները։ Կատակով միայն մի բանի հույս ունեմ․ որ այլ ակումբների երկրպագուները, որոնք երկրպագում են Նադալին, չդադարեն սիրել նրան միայն այն պատճառով, որ նա այժմ պաշտոնապես կրելու է «Ռեալի» մարզաշապիկը»։
























































