Իսպանական Սեգունդայի 12-րդ տուրի շրջանակում կայացած «Տեներիֆե» – «Անդորրա» (2:2) հանդիպումն ավարտվել է անասելի ողբերգությամբ։ «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելը կյանքից հեռացել է խաղադաշտում ստացած սարսափելի վնասվածքի հետևանքով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 2-ին՝ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 7-րդ (97-րդ) րոպեին։ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն դուրս էր եկել դարպասից և կոպիտ կերպով՝ ծնկով հարվածել էր մրցակցի հարձակվողին, ինչի համար անմիջապես արժանացել էր ուղղակի կարմիր քարտի։
Բախումից հետո Խեսուս դե Միգելը կորցրել էր գիտակցությունը։ Նրան անհապաղ դուրս էին բերել խաղադաշտից, սակայն շտապօգնության մեքենայում ֆուտբոլիստի սիրտն ու շնչառությունը կանգնել էին։ Բժիշկներին հաջողվել էր տեղում վերակենդանացնել խաղացողին, ինչից հետո նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։
Նոյեմբերի 3-ի առավոտյան ակումբը հայտնել էր ֆուտբոլիստի նյարդաբանական վիճակի կտրուկ վատթարացման մասին, իսկ քիչ անց ցավով ու կսկիծով տեղեկացրել նրա մահվան մասին։
«Ցավով ու կոկորդում խեղդվող հառաչանքով, անկարող լինելով հավատալ այս ամենին՝ «Տեներիֆեն» հայտնում է Խեսուս դե Միգելի ողբերգական մահվան մասին… Չկան մխիթարության խոսքեր, բացարձակապես ոչինչ չկա, որը կարող է մեղմել այս ցավը։ Մենք նրա կոտրված ընտանիքի, հարազատների և բոլոր նրանց կողքին ենք, այսօր սգում ենք այս սարսափելի կորուստը», — ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Նշենք, որ «Տեներիֆեի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Հիշեցնենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում Խեսուս դե Միգելը «Տեներիֆեի» կազմում մասնակցել էր 12 հանդիպման։


























































