«Միլանի» և սաուդյան «Ալ-Նասրի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Sky Sport-ի «Sky Calcio Club» հաղորդման եթերում կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու տպավորություններով՝ պորտուգալացի ռմբարկուին բնութագրելով որպես գոլ խփելու գաղափարով տարված իսկական չեմպիոն։ Իտալացի մասնագետը նաև զուգահեռներ է անցկացրել Ռոնալդուի և Զլատան Իբրահիմովիչի միջև՝ բացահայտելով, թե ինչպես է կառուցել հարաբերությունները համաշխարհային ֆուտբոլի երկու գերաստղերի հետ։
Պիոլին խոստովանել է, որ բոլորովին չի զղջում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու որոշման համար, քանի որ «Միլանից» հեռանալուց հետո արտերկրում ուժերը փորձելու ցանկություն է ունեցել.
«Չեմ զղջում Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ «Միլանում» անցկացրած տարիներից հետո նոր մարտահրավեր ու արտասահմանյան փորձ էի փնտրում։ Իհարկե, իմ որոշման մեջ իրենց դերն ունեցան թե՛ ֆինանսական գործոնը, թե՛ Կրիշտիանու Ռոնալդուին մարզելու հնարավորությունը։ Եթե անձամբ չես մարզել նրան, չես կարող լիովին պատկերացնել, թե որքան մեծ ֆուտբոլիստ է նա։ Ռոնալդուն չեմպիոն է, որը պարզապես տարված է գոլեր խփելու մոլուցքով, և միևնույն ժամանակ՝ չափազանց հարգալից է շրջապատի նկատմամբ»։
Մասնագետի խոսքով՝ պորտուգալացի և շվեդ հարձակվողները մարդկային շփումներում ունեն մեկ առանցքային ընդհանրություն․ երկուսն էլ ամենից բարձր գնահատում են ուղիղ և անկեղծ խոսքը.
«Մարդկանց հետ հարաբերություններում Կրիշտիանուն և Զլատանը շատ նման են։ Նրանց սկզբունքը հստակ է․ «Եթե անկեղծ ես ինձ հետ, ես քեզ հարգում եմ, իսկ եթե ոչ՝ խնդիրներ կունենանք»։ Ես նրանց հետ շփումը միշտ կառուցել եմ բացարձակ անկեղծության վրա։ Երբ գործ ունես նման տրամաչափի խաղացողների հետ, պարտավոր ես կատարել խոստումդ․ եթե նախապես ասում ես, որ վաղը հանգստանալու են կամ խաղալու են 60 րոպե, ապա պետք է հստակ պահես պայմանավորվածությունը։ Նրանց համար դա չափազանց կարևոր է»։
Պիոլին վերհիշել է նաև «Միլանում» Իբրահիմովիչի հետ կապված մի ուշագրավ միջադեպ, երբ կորոնավիրուսի համավարակի շրջանում՝ խիտ խաղացանկի պայմաններում, որոշել էր փոխարինել շվեդ հարձակվողին՝ առանց նրան նախապես զգուշացնելու.
«Մենք խաղում էինք յուրաքանչյուր երեք օրը մեկ։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:0 էր, սակայն ընդմիջումից հետո՝ 10 րոպեի ընթացքում, երկու կամ երեք գնդակ ուղարկեցինք մրցակցի դարպասը։ Ես միանգամից երեք փոխարինում կատարեցի՝ խաղադաշտից դուրս բերելով Զլատանին, Հական Չալհանօղլուին և ևս մեկ ֆուտբոլիստի, բայց Զլատանին այդ մասին նախապես չէի տեղեկացրել։
Իմ աշխատասենյակը հատուկ տեղակայել էի հանդերձարանի և ֆիզիոթերապիայի սենյակի միջև, որպեսզի ամեն օր տեսնեմ տղաներին։ Հաջորդ օրը Զլատանն անսպասելիորեն ներս մտավ ու հայտարարեց․ «Այսօր ես եմ խոսելու»։ Անկեղծ ասած՝ մի քանի րոպե լարված էի, քանի որ նա սովորություն ուներ դժգոհությունն ուղիղ դեմքիդ ասելու։ Բայց Զլատանի լավագույն հատկանիշն այն է, որ ամեն ինչ արտահայտելուց հետո նա թեման փակում է և հաջորդ օրն իրեն պահում այնպես, կարծես ոչինչ չի պատահել»,- ծիծաղելով պատմել է իտալացին։
Անդրադառնալով 2020 թվականի հունվարին՝ «Միլան» վերադառնալուց հետո Իբրահիմովիչի հետ ունեցած առաջին առանձնազրույցին, Պիոլին նշել է, որ հենց այդ օրն է դրվել իրենց փոխադարձ հարգանքի հիմքը.
«Առաջին մարզումից հետո նա եկավ իմ աշխատասենյակ։ Ես ներկայացրի, թե տեխնիկապես ու տակտիկապես ինչ դերում եմ պատկերացնում իրեն խաղադաշտում։ Նա լսեց ու կարճ պատասխանեց․ «Դու մարզիչն ես, ես՝ ֆուտբոլիստը։ Դու հարգում ես ինձ, ես՝ քեզ»։ Եվ մինչև վերջ այդպես էլ շարունակվեց»։
Հիշեցնենք, որ Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ և Զլատան Իբրահիմովիչի առաջնորդությամբ «Միլանը» 2021/22 մրցաշրջանում՝ 11 տարվա ընդմիջումից հետո, նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Իսկ 2024–2025 թվականներին իտալացի մասնագետը գլխավորում էր Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ-Նասրը»։




























































