Իսպանացի մարզական լրագրող և ռադիոմեկնաբան Ալֆրեդո Մարտինեսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքը համակարգված վնաս է հասցնում կատալոնական «Բարսելոնային»։
«Խոսքն ամենևին դավադրության տեսության կամ Անչելոտիի՝ Մադրիդում անցկացրած տարիները հիշելու փորձի մասին չէ․ բավական է պարզապես նայել փաստերին։ Վերջին երեք անգամները, երբ Ռաֆինյան մեկնել է Բրազիլիայի հավաքական, երեք անգամ էլ վնասվածքով է վերադարձել ակումբ։
Ապրիլին հավաքական հրավիրվելը նրան զրկեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում «Ատլետիկոյի» դեմ փլեյ-օֆֆի կարևոր հանդիպումներին մասնակցելու հնարավորությունից։
Այնուհետև նա վնասվածքով վերադարձավ աշխարհի առաջնությունից։ Իսկ այս մրցաշրջանի աշնանային միջազգային դադարի ընթացքում, երբ Ռաֆինյան հիանալի մարզավիճակում էր, գլխավոր աստղն ու Լա Լիգայի լավագույն ռմբարկուն, նա կրկին վնասվածքով վերադարձավ և այդ ժամանակվանից ի վեր ոչ մի ամբողջական հանդիպում չի անցկացրել»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sport-ը։
Լրագրողի կարծիքով՝ կատալոնական ակումբի վինգեր Ռաֆինյային ազգային հավաքական պարբերաբար հրավիրելը ֆուտբոլիստի առողջական շարունակական խնդիրների պատճառ է դառնում։


























































