Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։
Հայ ըմբիշը 1/8 եզրափակիչում ուժերը չափեց Ֆերհաթ Կիլիչի հետ և ցավալի պարտություն կրեց։ Անդրեասյանը գոտեմարտի վերջին վայրկյաններին միավոր զիջեց մրցակցին և պարտվեց 1-2 հաշվով։ Եթե Կիլիչը հաջողությամբ հաղթահարի հաջորդ փուլերն ու դուրս գա մրցաշարի եզրափակիչ, Արման Անդրեասյանը կսպասի սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն փուլում պարտվել էր նաև 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը զիջել էր Զելիմխան Աբակարովին և նույնպես սպասում է մրցակցի եզրափակիչ դուրս գալուն՝ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստանալու համար։
Բացի այդ, այսօր ավելի ուշ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար գորգ դուրս կգա 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթը։



























































