Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը։
61 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հիանալի է մեկնարկել և որակավորման փուլում 10-0 հաշվով ժամկետից շուտ ջախջախել է մեքսիկացի մրցակցին: Սակայն 1/8 եզրափակիչում Հարությունյանը ցավալի պարտություն է կրել Զելիմխան Աբակարովից: Եթե վերջինս հաջողությամբ հաղթահարի հաջորդ փուլերն ու դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ, Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ. ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա և պայքարի մեջ կմտնի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը:



























































