Հոկտեմբերի 18-ին՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի Մոսկվայի «Սպարտակի» և Կազանի «Ռուբինի» միջև հանդիպման մեկնարկից առաջ, տեղի է ունեցել «կարմրասպիտակների» պատմության լավագույն ռմբարկու, հայազգի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։
Մոնումենտը տեղադրվել է մոսկովյան ակումբի տնային մարզադաշտի տարածքում։ Միջոցառումը խորհրդանշական էր. հոկտեմբերի 12-ին լրացավ ֆուտբոլային մեծ գործչի ծննդյան 100-ամյակը։ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին և հուղարկավորվել Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Հուշարձանի բացման արարողության ժամանակ հուզիչ խոսքով է հանդես եկել լեգենդի դուստրը՝ Վիկտորյա Սիմոնյանը.
«Շատ հուզիչ և հանդիսավոր պահ է։ Հայրս աշխատում էր մեծ ոգեշնչմամբ՝ իրեն ամբողջությամբ նվիրելով սիրելի ֆուտբոլին։ Նա իսկական սպարտակցի էր. ասում էր, որ կմահանա «Սպարտակի» մարզահագուստով, և գրեթե այդպես էլ եղավ։ Հորս համար ամենամեծ նվերը «Սպարտակի» հաղթանակներն էին։ Հիմա հայրս կրկին հարազատ մարզադաշտում է»։
Նիկիտա Սիմոնյանը 160 գոլով շարունակում է մնալ «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն։ Որպես ֆուտբոլիստ՝ նա մոսկովյան ակումբի կազմում չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1952, 1953, 1956, 1958 թթ.) և երկու անգամ նվաճել երկրի գավաթը (1950, 1958 թթ.), իսկ ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Կռիլյա Սովետովում»։
Փառահեղ է եղել նաև Սիմոնյանի մարզչական ուղին. որպես մարզիչ՝ նա երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և չորս անգամ նվաճել երկրի գավաթը «Սպարտակի» և Երևանի «Արարատի» հետ։ Մասնավորապես, «կարմրասպիտակներին» նա երկու անգամ առաջնորդել է չեմպիոնության (1962, 1969 թթ.) և երեք անգամ՝ Գավաթի խաղարկության հաղթանակի (1963, 1965, 1971 թթ.), իսկ 1973-ին «Արարատի» հետ կերտել է հայկական ֆուտբոլի պատմական «ոսկե դուբլը»։ Սիմոնյանը գլխավորել է նաև Օդեսայի «Չեռնոմորեցն» ու ԽՍՀՄ ազգային հավաքականը, իսկ 1992 թվականից զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահի պաշտոնը։



























































