Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական ոսկե մեդալը նվաճեց։ Երիտասարդների 86 կգ քաշային կարգում Էմմա Պողոսյանը դարձավ երկամարտի ոսկե մեդալակիր:
Հայ ծանրորդուհին պոկում վարժության առաջին երկու մոտեցումներով հաջողությամբ գլխավերևում պահեց 105 կգ և 109 կգ ծանրաձողերը, սակայն երրորդ փորձից չկարողացավ բարձրացնել 112 կգ-ն: Այս վարժությունում նա արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հրում վարժությունում Պողոսյանն անգերազանցելի էր. նա հերթականությամբ բարձրացրեց 130 կգ, 135 կգ ու 140 կգ կշռող ծանրաձողերը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 249 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ հռչակվելով Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն։
Հատկանշական է, որ Պողոսյանի պարգևատրության արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մրցումային այս օրը Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաև երիտասարդների 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, ինչպես նաև Մ-23 տարեկանների պայքարում հանդես եկող 95 կգ քաշայիններ Սուրեն Գրիգորյանն ու Մնացական Աբրահամյանը:


























































