ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալները:
72 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 3-4 հաշվով ցավալի պարտություն կրեց Ղազախստանը ներկայացնող ըմբիշից և հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: Հատկանշական է, որ հենց Տերտերյանը Հայաստանի թիմին այս մրցաշարում բերեց առաջին մեդալը:
Ավելի ուշ արծաթե մեդալակիր դարձավ նաև Մարտիկ Պետրոսյանը: 82 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում 1-2 հաշվով զիջեց իրանցի Աբոլֆազլ Մոհմեդիին ու կկանգնի պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Ինչ վերաբերում է 77 կգ քաշային Սամվել Տերտերյանին, ապա նա կիսաեզրափակիչում 1-5 հաշվով պարտվեց մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոն, հունգարացի Լևենտե Լևային: Հայ ըմբիշը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ քառորդ եզրափակիչում, Սամվել Տերտերյանն ընդամենը 50 վայրկյանում 9-0 հաշվով ջախջախել էր Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Սիդորուկին, իսկ նախորդ փուլերում ծանրագույն պայքարում հաղթել էր ռուս և ուզբեկ ըմբիշների:


























































