Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբի ներկայացուցիչ Դավիդե Անչելոտին AS-ին տված հարցազրույցում անկեղծորեն խոսել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» խաղային խնդիրների մասին։
Իտալացի մասնագետը խոստովանել է, որ հաճույք է ստանում կատալոնական թիմի խաղը դիտելիս՝ հատկապես առանձնացնելով նրանց ուղղահայաց ֆուտբոլն ու Ռաֆինյայի դերը.
«Ինձ դուր է գալիս ուղղահայաց ֆուտբոլը: Եվ այս պահին նրանք շատ ուղղահայաց ֆուտբոլ են խաղում: Իհարկե, ինձ դուր է գալիս նայել «Բարսելոնայի» խաղը, մենք ինքներս էլ ենք տուժել դրանից: Նրանց շատ բարդ էր վերահսկել»,- նշել է Դավիդեն։
Նա անդրադարձել է նաև բրազիլացի հարձակվողի դիրքային փոփոխությանը այս մրցաշրջանում.
«Ինձ դուր է գալիս Ռաֆինյային տեսնել որպես կենտրոնական հարձակվող։ Ինձ դուր է գալիս նրա հարձակման համար բացվածությունը… Բայց, իհարկե, երբ ունես ազատ տարածություններ մտնող հարձակվող, պետք է ունենաս նաև կիսապաշտպան, որը կկարողանա իդեալական փոխանցում կատարել այդ գոտի»։
Ըստ Անչելոտիի՝ դա հենց այն է, ինչ պակասում է «Ռեալին».
«Երբ դաշտում են Մոդրիչն ու Կրոսը, գնդակը հասնում է ազատ գոտի կատարվող յուրաքանչյուր շարժման ժամանակ։ Չեմ ուզում ասել, թե ներկայիս ֆուտբոլիստներն այդ ունակությունը չունեն։ Ուղղակի ուզում եմ ասել, որ ուղղահայաց խաղալու համար քեզ պետք է մեկը, ով գիտի՝ ինչպես ճիշտ մատակարարել գնդակը: Ուղղահայացը միայն ութ վազող ֆուտբոլիստ ունենալը չէ, դա նաև ենթադրում է մեկին, որը կարող է գնդակն ուղարկել նրանց ուղղությամբ»։
Կրոսի հեռանալու վերաբերյալ Դավիդեն ավելի կոշտ է արտահայտվել.
«Դու կորցնում ես մի բան, որն այլևս երբեք հետ չես բերի… Մենք կորցրինք իր դիրքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Չես կարող ասել՝ «ինձ մեկ այլ Կրոս է պետք», որովհետև այդպիսին պարզապես չկա։ Նա խաղի տերն էր։ Նա էր տիրապետում ռիթմին։ Խաղում էին այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Նա էր որոշողը։ Անխուսափելի է, որ «Ռեալի» դինամիկայի համար Տոնիին կորցնելը շատ բարդ էր։ Մեզանից հանկարծակի խլեցին շատ բաներ»։
Իտալացին խոսել է նաև Վինիսիուսի և Մբապեի մասին.
«Դու չես կարող փոխել Վինիին, բայց կարող ես փոխել այն կառուցվածքը, որը նրա հետևում է։ Եթե այդ կառուցվածքը չկա, խաղը դուրս է գալիս վերահսկողությունից։ Որովհետև Վինին միշտ առաջ է գնում, անընդհատ առաջ է գնում… Բարդությունը մեծանում է, երբ բրազիլացուն միացնում ես Մբապեի հետ: Պետք է օգուտ քաղես այն փաստից, որ շատ ուղղահայաց թիմ ունես և պետք է պատրաստ լինես նաև այն բանին, ինչ դա քեզանից խլում է: Գլխավորն այն է, որ թիմը չպառակտվի: Դա միշտ էլ գլխավոր մարտահրավերն է եղել»։
Դավիդեն անդրադարձել է նաև «Կլասիկոյի» ժամանակ Վինիսիուսի հայտնի ժեստին Խաբի Ալոնսոյի նկատմամբ և եղել է հստակ.
«Դա ճիշտ չէ։ Նման բան չեն անում՝ ելնելով այն հարգանքից, որը պետք է ունենաս մարզչի, ակումբի, թիմակիցներիդ և երկրպագուների հանդեպ»։
Այնուամենայնիվ, նա հերքել է այն խոսակցությունները, թե ֆուտբոլիստներն ավելի շատ իշխանություն ունեն.
««Ռեալի» հանդերձարանում որոշողը մարզիչն է»։

























































