Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 7-րդ տուրի «Ալ-Թաավուն» — «Ալ-Հիլալ» (0:6) հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը հայտնվել է տեղի ֆուտբոլային հանրության և ղեկավար մարմինների քննադատության կենտրոնում: Տանտերերի որոշ երկրպագուներ փորձել են սադրել հյուրերի կիսապաշտպան Ռուբեն Նևեշին՝ վանկարկելով նրա լուսահոգի մտերիմ ընկերոջ՝ Դիոգու Ժոտայի անունը:
Ռուբեն Նևեշն ու Դիոգու Ժոտան մտերիմ ընկերներ էին. նրանք միասին հանդես են եկել «Պորտուում», «Վուլվերհեմփթոնում» և Պորտուգալիայի ազգային հավաքականում։ Հիշեցնենք, որ Ժոտան ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել 2025 թվականի հուլիսի 3-ին՝ 28 տարեկան հասակում։ Այդ ճակատագրական մեքենայում նրա հետ եղել էր նաև նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան։
Տեղի ունեցածից անմիջապես հետո «Ալ-Հիլալը» պաշտոնական բողոք է ներկայացրել Սաուդյան Արաբիայի Ֆուտբոլի ֆեդերացիա: Ակումբի տարածած հայտարարության մեջ կատեգորիկ դատապարտվում են անձնական վիրավորանքներն ու ֆուտբոլիստների կամ նրանց ընտանիքների ողբերգությունների հետ խաղալը: «Ալ-Հիլալն» ընդգծել է սպորտային միջավայրում հարգանքի և արժանապատվության պահպանման անհրաժեշտությունը՝ պահանջելով կարգազանցներին ենթարկել խիստ պատասխանատվության՝ գործող կանոնակարգի համաձայն։
Միջադեպին կոշտ է արձագանքել նաև Սաուդյան Արաբիայի Ֆուտբոլի ֆեդերացիան՝ հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ.
«Ֆեդերացիան և Պրո լիգան դատապարտում են որոշ երկրպագուների անընդունելի պահվածքը: Կատարվածը հակասում է սաուդյան ֆուտբոլի արժեքներին ու վարպետության սկզբունքներին։ Ողբերգություններն որպես սադրանքի միջոց օգտագործելն անթույլատրելի է և տեղ չունի մեր ֆուտբոլում: Համապատասխան կոմիտեներն արդեն ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, որոնց արդյունքների ու պատժամիջոցների մասին կհայտարարվի գործընթացի ավարտից հետո»,- նշված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ:




























































