Արգենտինացի և պորտուգալացի լեգենդար հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կարող են պատմության մեջ առաջին և վերջին անգամ հանդես գալ նույն թիմի կազմում։ Ինչպես հաղորդում են ESPN Argentina-ն և TNT Sports Argentina-ն, ֆուտբոլային աշխարհի աստղերին իր հրաժեշտի խաղին է հրավիրել Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը։
Սպասվում է, որ 42-ամյա Տևեսի հրաժեշտի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին՝ «Բոկա Խունիորսի» լեգենդար «Լա Բոմբոներա» մարզադաշտում (հիշեցնենք, որ նա կարիերան պաշտոնապես ավարտել է 2022 թվականի հունիսին): Ըստ շրջանառվող լուրերի՝ արգենտինացին խաղին հրավիրելու է մոտ 60 ֆուտբոլիստի, որոնց հետ երբևէ կիսել է խաղադաշտը: Հրավիրվածների ցանկում, բացի Մեսսիից և Ռոնալդուից, տեղ են գտել նաև Ուեյն Ռունին, Անդրեա Պիռլոն և այլ աստղեր։
Տևեսը Ռոնալդուի հետ փայլել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» 2007-2009 թվականներին՝ նվաճելով Պրեմիեր լիգայի երկու տիտղոս, Չեմպիոնների լիգայի գավաթն ու Աշխարհի ակումբային առաջնությունը։ Իսկ Լիոնել Մեսսիի հետ նա երկար տարիներ պաշտպանել է Արգենտինայի հավաքականի գույները՝ նվաճելով 2004 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, ինչպես նաև մասնակցելով աշխարհի ու Ամերիկայի գավաթի մի շարք խաղարկությունների և հասնելով եզրափակիչներ։
Արգենտինական TyC Sports հեռուստաալիքը նշում է, որ Մեսսիի և Ռոնալդուի համատեղ ելույթը կդառնա անհավանական դիտարժան ու պատմական իրադարձություն։
Հիշեցնենք նաև, որ Մեսսին վերջերս ավարտել է միջազգային կարիերան՝ կենտրոնանալով «Ինտեր Մայամիում» ելույթների վրա, մինչդեռ 41-ամյա Ռոնալդուն շարունակում է խաղալ Պորտուգալիայի հավաքականում և սաուդյան «Ալ-Նասրում»։ Զուգահեռաբար, երկու սուպերաստղերն այժմ պայքարում են կարիերայում 1000 գոլի պատմական սահմանագիծը հատելու համար։ Ռոնալդուին մնացել է խփել ևս 22 գոլ, իսկ Մեսսիին՝ 73 գոլ։



























































