PFL-ի թեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը խոսել է UFC-ում իր պոտենցիալ մրցակիցների մակարդակի մասին՝ որպես օրինակ բերելով Արման Ծառուկյանին։
«Արմա՞նը։ Պարտվել է Գամրոտին, պարտվել է Իսլամ Մախաչևին։ Նստած սպասում է, տարին մեկ անգամ մենամարտում է և ասում, որ աշխարհի լավագույն մարտիկն է։ Քանի դեռ նա ընդամենը երկու մենամարտ է անցկացրել, ես հասցրել եմ չորս անգամ պաշտպանել տիտղոսս։ UFC-ում կարող են շատ խոսել… PR-մեքենան այնտեղ շատ հզոր է, իսկական բրենդ է։
Բայց ես չեմ ասի, որ այնտեղ այդքան ուժեղ մարտիկներ են։ Հիմա Արմանը մենամարտելու է Ռուֆիի հետ։ Նա էլ վերջերս պարտվեց Բենուա Սեն-Դենիին… Նրանք այնտեղ իրար հետ մենամարտում են, հաղթում են, պարտվում և միևնույն է՝ մնում են թոփ-10-ում»,- Նուրմագոմեդովի խոսքերը մեջբերում է Sport24-ը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն իր վերջին մենամարտը UFC-ում անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ Դոհայում կայացած UFC Fight Night մրցաշարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ է տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։ Ծառուկյանն իր հաջորդ գոտեմարտը կանցկացնի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ՝ սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331-ի շրջանակում։
Ինչ վերաբերում է Ուսման Նուրմագոմեդովին, ապա նա վերջերս՝ PFL New York մրցաշարում, առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Արչի Կոլգանին և հերթական անգամ պաշտպանեց PFL-ի չեմպիոնի կոչումը։ Այժմ անպարտելի ռուսաստանցին ազատ գործակալի կարգավիճակում է, իսկ UFC-ի նախագահ Դանա Ուայթն արդեն հաստատել է, որ կազմակերպությունը լրջորեն հետաքրքրված է նրա հետ պայմանագիր կնքելով։




























































