Սպասվում էր, որ Չիրո Իմոբիլեն ևս մեկ տարի հանդես կգա ֆրանսիական «Փարիզ» ակումբում, սակայն այսօր՝ օգոստոսի 14-ին իտալացի հարձակվողն իր սոցիալական ցանցերի միջոցով հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Փարիզյան ակումբն արդեն հաստատել է այս լուրը։
«Սա հեշտ որոշում չէր, քանի որ դուք անհավանական տղաներ եք։ Սակայն եկել է ժամանակն ավելի շատ լինելու ընտանիքիս կողքին։ Նրանք ինձ հետևել են ամենուր, և այսօր ես նրանց եմ պետք։ Շատ բարդ է, երբ այլևս ի վիճակի չես ստիպել քեզ աշխատել՝ հաղթահարելով ցավը, երբ մարզումների ժամանակ չես կարողանում լիարժեք նվիրվել գործին… Այդ իսկ պատճառով որոշեցի ավարտել կարիերաս»,- իր որոշումը մեկնաբանել է իտալացի հարձակվողը։
Նշենք, որ 36-ամյա Իմոբիլեն Իտալիայի ազգային հավաքականի կազմում հռչակվել է Եվրո-2020-ի չեմպիոն՝ երկրի գլխավոր թիմի մարզաշապիկով անցկացրած 57 խաղում դառնալով 17 գոլի հեղինակ։
Թուրինի «Յուվենտուսի» սանն իր պրոֆեսիոնալ կարիերայի կեսը՝ 8 տարի, անցկացրել է «Լացիոյում»։ Իմոբիլեն հռոմեական ակումբի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է. բոլոր մրցաշարերում միասին վերցրած՝ նա թիմի կազմում անցկացրել է 340 հանդիպում և խփել 207 գոլ։
Հավելենք նաև, որ 2020 թվականին իտալացի ռմբարկուն նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»՝ ճանաչվելով Եվրոպայի լավագույն ռմբարկու (Իտալիայի Ա սերիայում նա դարձել էր 36 գոլի հեղինակ):




























































