Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խիստ քննադատության է ենթարկել իտալացի մենեջերներ Պաոլո Մալդինիին և Լեոնարդոյին՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից (FIGC) հեռանալու համար։
Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և նրա խորհրդական Լեոնարդոն որոշել են լքել ազգային հավաքականը՝ պաշտոնում նշանակվելուց ընդամենը 10 օր անց։
«Ինձ դա բոլորովին դուր չի գալիս։ Իմ կարծիքով՝ դա շատ մանկամիտ պահվածք է։ Չի կարելի լքել նախագիծը միայն այն պատճառով, որ չես ստացել քո ցանկացած մարզչին։ Ֆուտբոլում այդպես չի լինում։ Մարդիկ խոսում են նվիրվածության և սկզբունքների մասին։ Պաշտպանեք ձեր կարծիքը, բայց հենց որոշումն ընդունվում է, խնդիրն առաջ շարժվելն է։ Հենց այդպես են վարվում առաջնորդները։ Նրանք հիստերիա չեն բարձրացնում միայն նրա համար, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել։
Մալդինին ու Լեոնարդոն լեգենդներ են. ոչ ոք կասկածի տակ չի դնում նրանց նվաճումները որպես ֆուտբոլիստների, բայց խոսքը պատասխանատվության մասին է։ Իտալիան փորձում է ուշքի գալ, և նրանց փորձառու մարդիկ են պետք՝ իրավիճակը կայունացնելու համար։ Մի քանի շաբաթ անց հեռանալը սխալ ազդակ է հաղորդում բոլորին։
Եթե դուք մնում եք միայն այն դեպքում, երբ բոլորը համաձայն են ձեզ հետ, ուրեմն սխալ գործով եք զբաղվում։ Դա թույլ առաջնորդություն է։ Եթե նրանք հավատային իտալական ֆուտբոլի վերածննդին, կմնային, կպայքարեին իրենց գաղափարների համար ու կապացուցեին իրենց արժանիքները։ Հեռանալ միայն նրա համար, որ իրենց առաջին թեկնածուն չի հաստատվել․․․ Ես չեմ կարող դա հարգել։ Ֆուտբոլում ազդեցիկ մարդիկ այդպես չեն վարվում»,- Քինի խոսքերն է մեջբերում A Bola պարբերականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անդրեա Պիռլոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի հիմնական հավակնորդն էր, սակայն նրա թեկնածությունը մերժվել էր ֆեդերացիայի կողմից։ Ինքը՝ Պիռլոն, հայտարարել էր, որ այլևս չի հանդիսանում ազգային թիմը գլխավորելու թեկնածու։
Նշվում է, որ FIGC-ի նախագահը հավանություն չի տվել Պիռլոյի նշանակմանը՝ ռուսական բուքմեյքերական ընկերության հետ նրա ունեցած կապերի պատճառով։


























































