Արգենտինայի ազգային հավաքականի և համաշխարհային ֆուտբոլի վետերան Նիկոլաս Օտամենդին պաշտոնապես հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։ 38-ամյա պաշտպանի համար վերջին մրցաշարը դարձավ 2026 թվականի աշխարհի առաջնությունը։
Օտամենդին Արգենտինայի հավաքականի գույները պաշտպանում էր 2009 թվականից։ Այս ընթացքում նա անցկացրել է 139 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ազգային ընտրանու կազմում պաշտպանը հասել է ֆանտաստիկ բարձունքների՝ դառնալով 2022թ․ աշխարհի չեմպիոն և 2026թ․ արծաթե մեդալակիր, ինչպես նաև երկու անգամ նվաճելով Ամերիկայի գավաթը։
Իր սոցիալական ցանցերում Օտամենդին հանդես է եկել ծավալուն և հուզիչ հայտարարությամբ.
«Սրանք իմ կարիերայի ամենադժվար բառերն են։ Ճակատագիրն այնպես դասավորեց, որ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով վերջին խաղս դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչը։ Արդյունքն այնպիսին չէր, ինչպիսին մենք ակնկալում էինք, բայց ես հեռանում եմ գլուխս բարձր պահած՝ հստակ գիտակցելով, որ այս թիմը պայքարեց մինչև վերջին վայրկյանը։
Մանկուց երազել եմ կրել Արգենտինայի հավաքականի համազգեստը. դա մեծագույն արտոնություն էր, որն ինձ պարգևեց ֆուտբոլը։ Ես պաշտպանել եմ մեր երկրի գույները ողջ հոգով, անսահման հպարտությամբ և այն մեծ պատասխանատվությամբ, որն այս մարզաշապիկն ունի միլիոնավոր արգենտինացիների համար։
Ես հրաժեշտ եմ տալիս խղճի կատարյալ հանգստությամբ. ես տվել եմ բացարձակապես ամեն ինչ։ Ես երբեք չեմ խնայել ինձ, երբեք չեմ դադարել հավատալ և երբեք չեմ դադարել զգալ, որ այս մարզաշապիկը կրելն իմ կյանքի մեծագույն պատիվն է»,- գրել է արգենտինացին։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում պաշտպանը մասնակցեց 7 հանդիպման։ Իսպանիայի ընտրանու դեմ դրամատիկ եզրափակիչում, որտեղ արգենտինացիները նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեցին մրցակցին, Օտամենդին փոխարինման դուրս եկավ 44-րդ րոպեին։

























































