Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը Ֆրանսիայի դեմ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ խոսել է իր սպասելիքների մասին՝ ընդգծելով այս դիմակայության բացառիկ կարևորությունն իր կարիերայում։
«Գոլերն ինձ այնքան էլ չեն հուզում, բայց նման խաղում աչքի ընկնելը միշտ առանձնահատուկ է։ Ես ընդունում եմ մարտահրավերը։ Այդ իսկ պատճառով ես այստեղ եմ, և սպասվող օրն առանձնահատուկ է լինելու։
Սա իմ կարիերայի ամենամեծ ու ամենակարևոր հանդիպումն է։ Պետք է պահպանել հանգստություն։ Գիտեմ, թե ինչի եմ ընդունակ, և անհանգստության նշույլ անգամ չեմ զգում։ Մենք չենք վախենում. մենք Եվրոպայի չեմպիոնն ենք», — Յամալի խոսքերն են մեջբերում RMC Sport-ն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի Ֆրանսիա — Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին, ԱՄՆ-ի Դալաս քաղաքում։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։ Ընթացիկ աշխարհի առաջնությունում 19-ամյա Յամալն առայժմ դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































