Անգլիական «Ասթոն Վիլան» գերմանական «Ֆրայբուրգի» հետ համաձայնության է եկել կիսապաշտպան Յոան Մանզամբիի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ գործարքի ընդհանուր արժեքը, ներառյալ հնարավոր բոնուսները, կկազմի մոտ 70 միլիոն եվրո, ինչը ռեկորդային վաճառք կդառնա գերմանական ակումբի պատմության մեջ։ Մանզամբին արդեն տեղեկացրել է բիրմինգհեմյան թիմին տեղափոխվելու իր համաձայնության մասին։
«Ասթոն Վիլային» հաջողվել է ֆուտբոլիստին «փախցնել» «Նյուքասլից»։ Ավելի վաղ «կաչաղակները» «Ֆրայբուրգի» հետ համաձայնեցրել էին Մանզամբիի տրանսֆերը 60 միլիոն եվրոյի դիմաց, սակայն գործարքը չէր կայացել, քանի որ կիսապաշտպանն այդպես էլ վերջնական համաձայնություն չէր տվել «Նյուքասլին»։
20-ամյա Մանզամբին ընթացիկ աշխարհի առաջնությունում Շվեյցարիայի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ծնկի վնասվածքի պատճառով նա բաց էր թողել Կոլումբիայի և Արգենտինայի դեմ խաղերը։ Ավարտված մրցաշրջանում նա «Ֆրայբուրգի» կազմում անցկացրած 47 հանդիպումներում աչքի է ընկել 7 գոլով և 9 գոլային փոխանցմամբ։




























































