Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին ուշագրավ կարծիք է հայտնել բրազիլացի աստղ Նեյմարի վերաբերյալ։ Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը բրազիլացուն երբեք չի դասել համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն մակարդակի խաղացողների շարքին։
«Նեյմարն ինձ դուր է գալիս, բայց ես նրան երբեք չեմ համարել բարձրագույն մակարդակի թոփ ֆուտբոլիստ»,- Ռունիի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Հիշեցնենք, որ 34-ամյա Նեյմարն այժմ հանդես է գալիս հայրենիքում՝ պաշտպանելով բրազիլական «Սանտոսի» գույները։ Ավելի վաղ հարձակվողը Եվրոպայում հաջողությամբ պաշտպանել է կատալոնական «Բարսելոնայի» և ֆրանսիական ՊՍԺ-ի գույները։
Նեյմարը մինչ օրս շարունակում է մնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերի հեղինակը. 2017 թվականին փարիզյան ակումբը նրա տեղափոխության համար վճարեց աննախադեպ՝ 222 միլիոն եվրո։ Նշենք նաև, որ օրերս բրազիլացի աստղը չէր կարողացել զսպել արցունքներն ԱԱ-2026-ից Բրազիլիայի ազգային հավաքականի դուրս մնալուց հետո։




























































