«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը «СЭ»-ի հետ զրույցում մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանի՝ սաուդյան «Ալ Ահլի» հնարավոր տեղափոխությունը:
Շաբաթ օրը՝ հունիսի 27-ին, հայտնի լրագրող Իվան Կարպովը տեղեկություն էր տարածել, որ 26-ամյա հայ ֆուտբոլիստը մոտ է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ տեղափոխվելուն։ Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի արժեքը կկազմի 20 մլն եվրո, իսկ Սպերցյանը կկնքի «3+1» ձևաչափով պայմանագիր՝ տարեկան վաստակելով 6 մլն եվրո՝ գումարած հնարավոր բոնուսները։
«Դա նրա ցանկությունն ու որոշումն է։ «Կրասնոդարի» համար սա բավականին լավ գումար է: Իհարկե, կարելի էր սեփական ուժերը փորձել Եվրոպայում։ Սաուդյան Արաբիայում Սպերցյանը ֆուտբոլից նման հաճույք հաստատ չի ստանա: Եթե իտալական «Կոմոյի» հետ կապի մասին լուրերն իրոք ճիշտ էին, ապա պետք էր այնտեղ գնալ: Հարկավոր է հենց իրենից հարցնել, թե ինչու է նման որոշում կայացրել: Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր է խաղացել ֆինանսական բաղադրիչը։ Եվրոպայում նա նման գումարներ չէր ստանա: Ամեն դեպքում, մաղթում եմ նրան հաջողություն և նորանոր տիտղոսների նվաճում», — նշել է Կանչելսկիսը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ավարտված 2025/26 մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «ցլերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:
Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
























































