Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է Մադրիդի «Ռեալի» ամառային տրանսֆերային պլանների մանրամասները:
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նոր սերնդի «գալակտիկոսների» առանցքային դեմքը համարում է Մյունխենի «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեին:
«Հենց այսպիսի ֆուտբոլիստի նկատի ուներ «Ռեալի» նախագահը՝ խոսելով նոր «գալակտիկոսների» գաղափարի մասին։ Վերջին շաբաթներին ֆրանսիացու անունը մշտապես շրջանառվում է մադրիդյան ակումբի ներքին քննարկումներում։ Օլիսեն մնում է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային երազանքը, իսկ Խուլիան Ալվարեսի նկատմամբ հետաքրքրության մասին բոլոր լուրերը պարզապես բլեֆ էին»,- նշել է Ռոմանոն իր YouTube-յան ալիքում:
Միևնույն ժամանակ, իտալացի լրագրողը շեշտել է, որ այս տեղափոխությունն իրականացնելը չափազանց բարդ է լինելու։ Մյունխենի «Բավարիան» կոշտ դիրքորոշում է ընդունել և կտրականապես հրաժարվում է վաճառել 24-ամյա կիսապաշտպանին՝ նախատեսելով նրան առաջարկել նոր պայմանագիր՝ զգալիորեն բարելավված պայմաններով:
Այս պահին ֆուտբոլիստն ամբողջությամբ կենտրոնացած է Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում իր ելույթների վրա։

























































