Անգլիական «Լիվերպուլը» համաձայնության է եկել իսպանացի մասնագետ Անդոնի Իրաոլայի հետ, որն այդ պաշտոնում կփոխարինի Առնե Սլոթին։
Շաբաթ` մայիսի 30-ին մերսիսայդյան ակումբը հայտարարեց նիդերլանդցի մարզչին պաշտոնանկ անելու որոշման մասին։ Թեև թիմին հաջողվել էր նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, սակայն Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրած հինգերորդ հորիզոնականը և մյուս մրցաշարերում գրանցած անհաջողությունները ղեկավարության կողմից գնահատվել են որպես խիստ բացասական արդյունք։
Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան, կողմերն արդեն ամբողջությամբ համաձայնեցրել են համագործակցության պայմանները։ Ըստ աղբյուրի՝ իսպանացի մասնագետի հետ պայմանագիրը կկնքվի և կգործի մինչև 2029 թվականի ամառը։ Տեղեկությունը հաստատել է նաև ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ նշելով, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը դիտարկում է Իրաոլային որպես գլխավոր մարզչի պաշտոնի միակ և գլխավոր թեկնածու։ Սպասվում է, որ առաջիկա օրերին կմեկնարկեն պաշտոնական բանակցությունները, ինչը թույլ կտա կարճ ժամանակահատվածում վերջնականապես փակել գործարքն ու հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։ Այս պահին Առնե Սլոթին փոխարինելու այլ տարբերակներ ակումբը չի քննարկում։
Հիշեցնենք, որ Անդոնի Իրաոլան 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է անգլիական «Բորնմուտից», որի ղեկը ստանձնել էր 2023 թվականին։ Նրա գլխավորությամբ «բալերը» ցուցադրել են տպավորիչ արդյունքներ՝ իրենց պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրագավաթների՝ մասնավորապես Եվրոպայի լիգայի ուղեգիր:




























































