Ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան չի պատրաստվում այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը մտադիր չէ ընդունել որևէ այլ ակումբի առաջարկ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նշվում է նաև, որ Կամավինգան հիանալի հարաբերություններ ունի «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Իր հերթին, «արքայական» ակումբը ևս մտադրություն չունի տրանսֆերի հանելու իր կիսապաշտպանին։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։























































