«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի եզրափակիչի՝ Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղին թիմի տրամադրվածության մասին։
«Կրասնոդար» — «Սպարտակ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մայրաքաղաքի «Լուժնիկի» մարզադաշտում, սկիզբը՝ 19։00-ին։
«Վաղը մեծ օր է, անհամբեր սպասում ենք հանդիպմանը։ Տրամադրվածությունը մարտական է, ամեն ինչ հիանալի է»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն։
Խոսելով մրցակցի մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է, որ չի ցանկանում առանձնացնել մոսկովյան ակումբի ուժեղ կողմերը. ««Սպարտակը» լավ թիմ է և մեծ ակումբ»։
Հարցին, թե ինչպես է փոխվել «Կրասնոդարը» 2023 թվականի գավաթի եզրափակչից հետո, Սպերցյանն արձագանքել է. «Չեմ ցանկանում փորփրել անցյալը։ Երեք տարվա ընթացքում թիմը շատ է փոխվել, մենք շատ բաներում ենք ավելացրել և դա ցույց ենք տալիս խաղադաշտում»։
Անդրադառնալով մրցաշրջանն առանց տիտղոսի ավարտելու հավանականությանը՝ ակումբի ավագն ընդգծել է․ «Դա, իհարկե, հանցագործություն կլինի։ Բայց միևնույն է, կարծում եմ, որ արժե հպարտանալ այս թիմով։ Մենք մարզչական շտաբի հետ հիանալի աշխատանք ենք կատարում և արդեն առաջին տարին չէ, որ պայքարում ենք բարձր տեղերի համար։ Մենք երազանք ունենք՝ նվաճել տիտղոսներ։ Այստեղ՝ ինչպես Աստված կամենա։ Կանենք հնարավոր ամեն ինչ և հուսով ենք, որ հաղթանակը մերը կլինի»։
Սպերցյանը վերհիշել է նաև «Կրասնոդարի» առաջին գավաթային եզրափակիչը՝ «Ռոստովի» դեմ. «Հիշում եմ։ Եթե չեմ սխալվում, «Կրասնոդարը» խաղում էր Մախաչկալայում։ Այն ժամանակ պարտվեցինք հետխաղյա 11-մետրանոցներով… Ես դեռ փոքր էի, խաղը նայում էի ակումբի բազայում՝ քոթեջում։ Այդ եզրափակիչը դիտում էինք Ալեքսանդր Չեռնիկովի հետ։ Եվ միայն մենք մնացինք ու հասանք գլխավոր թիմ»։

























































