Բրազիլական «Սանթոսում» լարված իրավիճակ է ստեղծվել. բրազիլացի նախկին հայտնի հարձակվող Ռոբինյոյի 18-ամյա որդին՝ Ռոբսոնը, ցանկանում է խզել պայմանագիրն ակումբի հետ՝ թիմի ավագ Նեյմարի կողմից բուլինգի ենթարկվելու պատճառով։
Կոնֆլիկտը ծագել է մարզումներից մեկի ժամանակ, երբ Ռոբսոնը վարպետորեն շրջանցել է Նեյմարին։ Դրան ի պատասխան՝ վերջինս միտումնավոր ոտք է գցել երիտասարդ խաղացողին։ Երբ Ռոբսոնը դժգոհություն է հայտնել, Նեյմարը վիրավորել է նրան և ապտակել։
Ռոբսոնի ներկայացուցիչները երեք մեղադրանք են առաջադրել․ վիրավորանք, միտումնավոր ոտք գցել և ուժգին հարված դեմքին։ Ակումբն արդեն արտադատական ծանուցում է ստացել՝ երիտասարդ ֆուտբոլիստի անվտանգության ապահովման բացակայության վերաբերյալ բողոքով։ «Սանթոսի» ղեկավարությանը 48 ժամ է տրվել համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, հակառակ դեպքում Ռոբսոնը պատրաստ է միակողմանիորեն խզել պայմանագիրը։
Նշվում է, որ թիմի ներսում կարծիքները կիսվել են։ Որոշ առաջատարներ Ռոբսոնին համարում են չափազանց քմահաճ և երեսառած։ Թեև հանդերձարանում Նեյմարին նույնպես ոչ բոլորն են համակրում, սակայն այն փաստը, որ Ռոբսոնը միջադեպը հանրայնացրել է, շատերին տրամադրել է հենց երիտասարդ ֆուտբոլիստի դեմ։




























































