Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ներողություն է խնդրել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ստացած իր կարմիր քարտի համար։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մրցավարի սուլիչից հետո գնդակը չէր վերադարձրել մրցակցին, ինչի պատճառով հանդիպման 86-րդ րոպեին ստացել էր երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից։ Այդ պահին լուսատախտակին վառվում էր 3-2 հաշիվը՝ հօգուտ մադրիդյան թիմի (երկու խաղերի ընդհանուր արդյունքում՝ 4-4), սակայն հեռացումից ընդամենը երեք րոպե անց մյունխենցիները Լուիս Դիասի ջանքերով խփեցին վճռորոշ գնդակը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում Մայքլ Օլիսեն վերջակետ դրեց դիմակայությանը՝ 4-3 (ընդհանուր՝ 6-4):
«Ես ինձ վրա եմ վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Ցանկանում եմ ներողություն խնդրել թիմից և բոլոր մադրիդիստներից: Շնորհակալ եմ աջակցության համար»,- Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց մեկ օր անց սոցիալական ցանցերի իր էջերում գրել է Կամավինգան:
Հատկանշական է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում չէր և խաղադաշտ էր դուրս եկել միայն 62-րդ րոպեին՝ փոխարինելով Բրահիմ Դիասին։
























































