Չեմպիոնների լիգայից Մադրիդի «Ռեալի» դուրս մնալուց հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իջել է հանդերձարան՝ ֆուտբոլիստների հետ խոսելու նպատակով:
Ինչպես հայտնում է իսպանական Sport պարբերականը, մադրիդյան ակումբի ղեկավարը խստորեն քննադատել է թիմին: Աղբյուրը բացահայտել է, թե հատկապես ինչ է ասել Պերեսը խաղացողներին.
«Ես գնահատում եմ այսօրվա ձեր ջանքերը, բայց մրցաշրջանն իսկական հիասթափություն դարձավ բոլորիս համար։ Դուք գիտեք, թե ինչ պահանջներ են դրվում «Ռեալի» ֆուտբոլիստների առջև։ Մրցաշրջանն առանց տիտղոսների տապալում է, որովհետև մենք «Ռեալն» ենք։
Այս մարզաշապիկը կրելը մեծ արտոնություն է, բայց միևնույն ժամանակ՝ հսկայական պատասխանատվություն։ Ձեզանից շատերն այդ պատասխանատվությանը չդիմացան։ Դուք չէիք համապատասխանում ակումբի պահանջների մակարդակին»,- նախագահի խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Նշենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» տեսականորեն դեռ պահպանում է չեմպիոնության շանսերը, սակայն առաջատար «Բարսելոնային» հասնելը չափազանց բարդ կլինի։ Առաջնության ավարտին մնացել է 7 տուր, և կատալոնական ակումբն ունի 9 միավորի առավելություն։
























































