Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչ փուլի շրջանակներում կայացած «Արարատ-Արմենիա» — «Նոա» առաջին հանդիպումն ավարտվեց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով:
Խաղի ճակատագիրը վճռվեց առաջին խաղակեսի միջնամասում՝ 25-րդ րոպեին, երբ Նարդին Մուլահուսեյնովիչի դիպուկ հարվածը դարձավ մրցավեճի միակ և հաղթական գոլը:
Երկրորդ խաղակեսն աչքի ընկավ մեծ լարվածությամբ ու կոշտ պայքարով։
Հանդիպման 70-րդ րոպեին գլխավոր արբիտր Վարդան Մանուկյանը դաշտում կրքերը հանդարտեցնելու համար ստիպված եղավ գրպանից հանել միանգամից երկու կարմիր քարտ՝ հեռացնելով Կամո Հովհաննիսյանին և Նաթանաել Սաինտինիին, ինչի արդյունքում երկու կողմերն էլ մնացին տասական խաղացողներով։
Այս զույգի վճռորոշ՝ պատասխան հանդիպումը նախատեսված է անցկացնել ապրիլի 29-ին:



























































