Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոուում» 4-1 հաշվով վստահ առավելության հասավ սկզբունքային մրցակից «Էսպանյոլի» նկատմամբ։
«Բարսելոնայի» կազմում տպավորիչ հանդիպում անցկացրեց Լամին Յամալը, որը Լա Լիգայում իր 100-րդ հոբելյանական խաղում դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպման հաշիվը արդեն 9-րդ րոպեին բացեց Ֆերան Տորեսը՝ օգտվելով Յամալի փոխանցումից և ընդհատելով իր 70-օրյա գոլային երաշտը։ 25-րդ րոպեին նույն Տորեսը կրկին Յամալի օգնությամբ ձևակերպեց դուբլ՝ կրկնապատկելով տանտերերի առավելությունը։
Երկրորդ խաղակեսում «Էսպանյոլին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 56-րդ րոպեին աչքի ընկավ Պոլ Լոզանոն: Սակայն հանդիպման վերջնամասում կապտանռնագույնները վերջնականապես կոտրեցին մրցակցի դիմադրությունը։ Նախ 87-րդ րոպեին Լամին Յամալն անձամբ գրավեց մրցակցի դարպասը, իսկ հիմնական ժամանակի ավարտին՝ 89-րդ րոպեին, փոխարինման դուրս եկած Ֆրենկի դե Յոնգի փոխանցումից հետո հաշիվը խոշոր դարձրեց նույնպես փոխարինման մտած Մարկուս Ռեշֆորդը՝ դնելով դերբիի վերջակետը։
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 79-ի՝ առաջնության ավարտից 7 տուր առաջ շարունակելով վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Էսպանյոլը» 38 միավորով 10-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․






















































