«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի արտագնա խաղում 2-1 հաշվով կարևոր հաղթանակ է տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ՝ երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռեալից» իր առավելությունը հասցնելով 7 միավորի։
Այնուամենայնիվ, կատալոնական ակումբի եզրային հարձակվող Լամին Յամալի համար հանդիպման ավարտը դրական էմոցիաներով չուղեկցվեց։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է դժգոհ Յամալը դարպասապահների մարզիչ Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեի ուղեկցությամբ հեռանում ենթատրիբունային հատված: Ճանապարհին ֆուտբոլիստը բավականին սառը վերաբերմունք է ցուցաբերում նաև գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։
Lamine Yamal was FURIOUS after the match vs Atletico Madrid. Hansi Flick tried to calm him down with no success. 😱pic.twitter.com/kIHVpaticr
— Viralitity (@Viralitity) April 4, 2026
Ինչպես հայտնում է իսպանական Mundo Deportivo պարբերականը՝ հղում անելով թիմի հանդերձարանին մոտ կանգնած իր աղբյուրներին, Յամալի զայրույթի հավանական պատճառը Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեի կողմից խաղի ընթացքում հնչած չափազանց շատ հրահանգներն ու ցուցումներն են եղել։ Հատկանշական է, որ բացի դարպասապահներին մարզելուց՝ այդ մասնագետը թիմում անմիջականորեն մասնակցում է նաև ստանդարտ դիրքերի մշակմանը։
Չնայած շրջանառվող լուրերին՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նվազեցրել է միջադեպի կարևորությունը։
Գերմանացի մասնագետը երիտասարդ աստղի դժգոհությունը պարզապես կապել է նրա անսպառ ջանքերի և, դրան հակառակ, գոլի հեղինակ չդառնալու փաստի հետ։


























































